Իրանը Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Թեհրանի հետազոտական ռեակտորը /ԹՀՌ/ վառելանյութով ապահովելու համար միջուկային նյութի փոխանակման վերաբերյալ նոր առաջարկ է ստացել: Այս մասին, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի համաձայն, այսօր ԻԼՆԱ տեղեկատվական գործակալությանն է հայտնել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նա չի բացահայտել ստացված առաջարկության բուն էությունը` նշելով միայն, որ այն ուսումնասիրության փուլում է գտնվում:
«Անցյալ երեքշաբթի Իրանի կողմից մինչև 20 % հարստացված ուրանի արտադրությունն սկսելուց հետո մենք տարբեր երկրներից ստացել ենք մի շարք առաջարկություններ` կապված միջուկային վառելանյութի փոխանակման հետ, որոնք այժմ ուսումնասիրում ենք», – տեղեկացրել է Սալեհին: Նրա խոսքով, Նաթանզ միջուկային կենտրոնում 20 %-անոց ուրանի մշակման գործընթացը «շարունակվում և ընթանում է նորմալ»: «Դա երկար գործընթաց է, որի արդյունքում մենք կկարողանանք ստանալ վառելանյութ Թեհրանի ռեակտորի համար», – նշել է Սալեհին:
15.02.2010, 16:01
Aysor.am
