Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին։
Ուղերձում, որ տրամադրել է նախագահի մամուլի գրասենյակը, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարևան Թուրքիայի ժողովրդին։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում։ Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը։ Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը։ Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել։
Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները։
Պարոն Նախագահ,
Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին։ Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի։
Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն և թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար։ Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն։
Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջև բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։
Tert.am
